Ռիգայի գագաթնաժողովին կընդունվի ընդհանուր բնույթի փաստաթուղթ. Ալեքսանդր Մարկարով
Ռիգայի գագաթնաժողովին պարզ է, որ ընդունվելու է ընդհանուր բնույթի, քաղաքական ոգուն համապատասխան փաստաթուղթ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով վաղը Ռիգայում մեկնարկելիք Եվրոպական միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Նա նաև նշեց, որ հավանական է, որ այդ փաստաթղթում կլինի մի էլեմենտ, որով խրախուսվելու է ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների միջև հետագա համագործակցության աճն ու ակտիվացումը:
«Եվրոպական միությունը Վիլնյուսի գագաթնաժողովից հետո հասկացել է մի բան, որ տարբեր երկրներ, որոնք մասնակցում են Արևելյան գործընկերության ծրագրին, ունենան տարբեր ակնկալիքներ, տարբեր բնույթի պատրաստակամության աստիճան՝ խորացնելու ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները համագործակցության տարբեր ոլորտներում: Օրինակ՝ եթե Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը ուզում են ավելի ակտիվ համագործակցություն Ասոցացման հարցում, ապա Բելառուսի և Ադրբեջանի հետ ավելի դանդաղ է համագործակցությունը, քանի որ ունեն այլ առաջնահերթություններ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ հասկանալի է՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, ԵՄ-ի հետ չի կարող կնքվել նախկինում գոյություն ունեցող փաստաթղթի բովանդակությամբ համաձայնագիր, բայց ամեն դեպքում տնեսական համագործակցությունը կշարունակվի:
«Այստեղ խոսքն ավելի շատ ոչ տնտեսական էլեմենտների մասին է, որովհետև տնտեսական ոգին ու բովանդակությունը հակասում է այն վեկտորին, որը Հայաստանը ընտրել է 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո և 2015թ-ի հունվարից դարձել ԵՏՄ անդամ»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ համագործակցությունը մյուս ոլորտներում միշտ բաց է եղել ու երբեք չի էլ թաքցվել: «Կողմերը պատրաստ են եղել բանակցել, երկխոսել ինչ-որ փաստաթղթի շուրջ, օրինակ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարացման, լավ կառավարման և այլն»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ ԵՄ-ից ևս համապատասխան ազդանշաններ կան, որոնք խոսում են համագործակցության պատրաստակամության մասին, և պատրաստ են գումարներ հատկացնել, տարբեր ոլորտներում, բայց խնդիրն այլ է. «Հարցն այն է, թե արդյո՞ք կողմերը պատրաստ են մշակել նոր հարաբերությունները ֆորմալացնող փաստաթուղթ: Մյուս կողմից էլ հարց է, թե արդյո՞ք ԵՄ-ի բանակցողների խումբը կստանա այդպիսի մանդատ»:
Ըստ Ալեքսանդր Մարկարովի՝ մի բան հստակ է. «Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները կհավաստիացնեն իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ԵՄ- հետ»:










