Ալիևը չի մասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին

14:57 • 20.05.15

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 21-22-ին Ռիգայում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

 

«Մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, և դրանով պայմանավորված՝ այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, և Ադրբեջանի նախագահը խիստ հագեցած օրակարգ ունի: Այդ պատճառով պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել գագաթաժողովին»,-ասել է Հասանովը:

 

Նախագահի օգնականը հայտարարել է, որ Ռիգայի գագաթաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ու երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:

 

Վերջին երեք երկրներն ընթացիկ տարում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր են կնքել: