Կենդանասերները բողոքի ակցիա ու երթ կանցկացնեն քաղաքապետարանի ու կառավարության դիմաց

14:24 • 20.05.15

Կենդանասերները վաղը բողոքի ակցիա կիրականացնեն նախ Երևանի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև երթով կշարժվեն դեպի կառավարություն՝ ակցիան այստեղ շարունակելու համար: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց  կենդանասեր Թինա Ղևոնդյանը, պահանջելու են կենդանիների համար քաղաքում հատուկ կանաչ տարածքներ ապահովել, բացատրել, թե ինչի համար են կենդանի պահողներից գանձում 5000-ական դրամներ, ինչպես նաև խիստ վերահսկողություն իրականացնել փողոցի շների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության նկատմամբ:

 

«Կպահանջենք մշակել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ, որով պաշտպանված կլինեն թե՛ կենդանիները, թե՛ մարդիկ: Մեզ համար նաև անհասկանալի են գանձվող 5000-ական դրամները: Մենք պահանջում ենք, որ քաղաքապետարանը գոնե դրա դիմաց ինչ-որ ծառայություն իրականացնի, որովհետև մենք չենք հասկանում, թե ինչի համար ենք վճարում»,-ասաց նա:

 

Մեկ այլ կենդանասեր՝ Հասմիկ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք ամեն ամիս ծանուցում են ստանում 5000 դրամը վճարելու մասին ու հասկանում՝ սա փող լվանալու հերթական միջոցն է:


«Պետք է վճարեն այն մարդիկ, ովքեր բազմացնում են կենդանիներ կամ հետո գցում են դուրս ինչ-ինչ պատճառներով: Նույնիսկ այգի չկա մեր կենդանիների համար, բայց գումար են պահանջում: Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեզ վերջերս ասաց, որ գումարը ուղղվելու է այգիների բարելավմանը, ինչպես նաև քաղաքի ծայրամասում պետք է կառուցեն հատուկ այգի: Բայց ոչ մի բարելավում չկա, և եթե նույնիսկ ծայրամասում մի այգի կառուցեն, ես չեմ կարող օրը մի քանի անգամ իմ շների հետ հասնել քաղաքի ծայր»,-ասաց նա և ավելացրեց, որ այն այգիները, որտեղ մարդիկ շատ են լինում, վտանգավոր է նաև կենդանիների համար: