Թուրքիայում 19-ամյա երգչուհու գլխին կրակելու մեղադրանքով ձերբակալվել է նրա ընկերը
Թուրքիայում երգի մրցույթին մասնակցելու պատճառով 19-ամյա երգչուհու գլխին կրակելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, ձերբակալվածներից մեկը երգչուհի Մութլու Քայայի ընկերն է, իսկ մյուսները՝ նրա ընկերները:
Գլխին հրազենային վնասվածք ստացած երգչուհին կյանքի համար պայքարում է հիվանդանոցում:
Ընկերը, սակայն, իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունել: Նա ասել է, որ դեմ է եղել աղջկա՝ մրցույթին մասնակցելուն, սակայն կրակողն ինքը չի եղել:
«Ընտանիքը միշտ ցանկանում էր, որ մասնակցի մրցույթին, սակայն ես դեմ էի: Այդ պատճառով շատ ենք վիճել, բայց ես չեմ արել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող երգի մրցույթի մասնակից Մութլու Քայայի դեմ մահափորձ էր տեղի ունեցել իրենց տանը: Հանցագործը մտել էր տան այգին և պատուհանից կրակել երգչուհու վրա։










