Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

13:55 • 20.05.15

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
 

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության և փոխվստահության վրա: Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո:


Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները և փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների և համագործակցության խորացմանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:
 

Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
 

ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:
 

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները և բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում:


Նա նշել է, որ անձամբ մասնակցելու է Ազգային ժողովի այգում ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողությանը և հույս հայտնել, որ տնկվող սակուրաները կխորհրդանշեն երկու ժողովուրդների բարեկամության հարատևությունը:
 

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Չիկահիտո Հարադային մաղթել է նոր հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: