Փորձաքննության հանձնեցի ալյուրը և բարձր տեսակի հացի 1կգ-ի մեջ 10 միլիգրամ երկաթ կա. Խաչիկ Ստամբոլցյան
«Այս ամիսների ընթացքում մենք վիճում ենք և պարզվում է, որ արդեն չորս տարի է այն կիրառվում է թիրախային խմբերի՝ այդ թվում երեխաների շրջանում: Չկա ելակետային ուսումնասիրություն, թե այդ երեխաները դրա կարիքն ունեցե՞լ են, թե՞ ոչ, չկա վերջնական հետազոտություն, թե այդ երեխաների առողջությունը հիմա ինչ վիճակում է»,- ասաց Արման Մանուկյանը:
Խաչիկ Ստամբոլցյանի խոսքով էլ՝ Առողջապահության նախարարությունը ստում է. պաշտոնապես հայտարարում է, թե բարձր տեսակի ալյուրը երկաթ և ֆոլաթթու չի պարունակում, բացի այդ էլ, ըստ Ստամբոլցյանի՝ ֆորտիֆիկացումը տղամարդկանց մոտ առաջացնում է կանացի հորմոններ, բերում է ճարպակալման:
«Ես փորձաքննության հանձնեցի ալյուրը և բարձր տեսակի հացի մեկ կիլոգրամի մեջ 10 միլիգրամ երկաթ կա: Մեր բոլոր բույսերը պարունակում են մեծ քանակի երկաթի ֆոլատ, և իրենց առաջին սուտը հենց սա է: Փաստորեն, վաղուց 50.000 երեխայի կերակրում են ֆորտիֆիկացված ալյուր, ինչպես նաև բուսայուղ»,- հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ այդ ալյուրը գալիս է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում այն չի օգտագործվում:
Վիճակագրություն ներկայացնելով՝ Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, թե Չիլիում ֆորտիֆիկացումից հետո քաղցկեղը 2 անգամ ավելացավ, Ավստրիայում՝ 2,5:
«Դանիան և Հոլանդիան մի քանի տարի ֆորտիֆիկացիա էին իրականացնում և տեսան թե դա ինչ ծանր հետևանքներ է ունենում առողջության վրա»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իրենք դիմել են ՀՀ քննչական կոմիտեին՝ պահանջով, որ քրեական պատիժ հատկացվի այն անձերին ու կազմակերպություններին, որոնք առանց զգուշացնելու երկար տարիներ նման փորձ են արել թիրախային խմբերի շրջանում:










