«Օուշենի ընկերների» ոճով իրականացված կողոպուտի գործով տարեց բրիտանացիներ են ձերբակալվել
Լոնդոնում կողոպուտի մասին աղմկահարույց գործով ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեք թոշակառու, գրում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ «Օուշենի տասնմեկ ընկերները» հոլիվուդյան ֆիլմի ոճով իրականացված այդ հանցագործությունը կարող է լինել Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշորը: Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է Hatton Garden Safe Deposit Ltd-ի պահեստից 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զարդեր գողանալ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են օգտագործված ավտոմեքենաների վաճառքի գծով 76-ամյա գործակալ Բրայան Ռիդերին և Pentire Cars ընկերությունից նրա 50-ամյա որդի Փոլին: Ձերբակալությունն իրականացվել է Դարթֆորդում գտնվող նրանց տանն անցկացված խուզարկության ժամանակ:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է ինը կասկածյալ: Ինչպես պատմել են Սքոթլանդ Յարդում, հատուկ գործողությունն իրականացվել է Լոնդոնում և Քենթում, դրան մասնակցել է ավելի քան 200 ոստիկան: Նրանք ձերբակալել են 67, 74 և 76 տարեկան բրիտանացիների, ևս երկու ձերբակալվածներ 58 տարեկան են, մնացածները՝ 48, 59, 50 և 43 տարեկան:
Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել թանկարժեք իրերի զգալի քանակություն, որոնք ենթադրաբար գողացվել են:










