Ռիգայի գագաթնաժողովից ակնկալում ենք ունենալ փաստաթուղթ ու հնարավորություն՝ շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հ. Նաղդալյան
Հայաստանը շարունակում է իր հավասարակշիռ քաղաքականությունը՝ ուղղված Եվրոպական միության հետ հարաբերությունները պահպանելուն։ Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հանրապետական կուսակցությունը վաղը Ռիգայում կայանալիք՝ ԵՄ «Արևելյան գործընկերության գագաթնաժողովից»։
«Կարծում եմ, որ վաղը, մյուս օրը պարզ կլինի, թե ինչ բնույթ կունենան փաստաթղթերը, ու ըստ այդմ՝ մենք իրականում կկարողանանք գտնել եզրեր, որպեսզի համագործակցենք մեր պետական շահերին, երկկողմ հետաքրքրություններին համահունչ»,-ասաց նա։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՀ Նախագահը Ռիգայի գագաթնաժողովից, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ ներկայում աշխատանքային պրոցես է ընթանում, որի ընթացքում Հայաստանը փորձում է նախկինում արդեն գոյություն ունեցող և սստանձնած պարտավորություններին համահունչ հանդես գալ։
«Որպես արտաքին քաղաքականություն իրականցնող երկիր՝ չենք կարող անել քայլեր, որոնք կհակասեն մեր պարտավորություններին, բայց դրան զուգահեռ նաև խնդիրներ կան, որոնք չհակասելով մեր արդեն ստանձնած պարտավորություններին, կարող են զուգընթաց լինել մեր շահերին ու հետաքրություններին։ Ակնկալիքները կայանում են նրանում, որ ունենանք փաստաթուղթ ու հնարավորություն՝ հետագայում շարունակելու համագործակցությունը»,-ասաց նա։
Հարցին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնույթի՞ կլինի փաստաթուղթը, Նաղդալյանը պատասխանեց, որ իրականում կարևորն այն է, որ Հայաստանը կարողանա քաղաքական ու և տնտեսական օրակարգերը համադրել։
Պատասխանելով հարցին, թե փաստաթուղթը ու՞մ կողմից պետք է նախաձեռնվի, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում նման հարց չի քննարկել։
«Աշխատանքային քննարկումներ են, որոնք կանոնակարգված են Եվրոպական միության կանոկակարգերի մեջ, այնպես չի, որ մենք մեզ համար նոր բան ենք անում»,-ասաց նա։










