Նախկին նաիրիտցիներն այսօր էլ բողոքի ցույցով ԱԺ-ի առջև են. պահանջում են աշխատավարձի պարտքի մարում

13:14 • 20.05.15

Արդեն նախկին նաիրիտցիներն այսօր էլ բողոքի ցույցով Ազգային ժողովի շենքի առջև էին: Նրանց պահանջը նույնն է ՝ մարել իրենց արդեն 18 ամսվա աշխատավարձերի պարտքը:  Tert.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանը նշեց, թե կոնկրետ ինքը 1մլն-ից ավելի գումար ունի ստանալու:


Ըստ նրա, եթե մինչև հիմա պաշտոնյաները իրենց խոստումներով էին խաբում, հիմա էլ չեն էլ խաբում:  «Մի ժամանակ խաբում էին, խոստում չէր, խաբել էր, հիմա խաբող էլ չկա»,- ասաց նա:


Հույսը մեծ չի, բայց համոզված են, եթե դադարեցնեն ակցիաները, ընդհանրապես փողի երես չեն տեսնի: 


Նախկին նաիրիտցիների հետ հանդիպման են գալիս միայն ընդդիմադիր պատգամավորները, որոնք օգնել չեն կարող: Իսկ իշխող կուսակցությունից միայն Վարդան Այվազյանն է մի անգամ հանդիպման դուրս եկել ու ասել, թե այդ ուղղությամբ աշխատում են: «Եթե նախարարը, նախագահը ոչ մի պատասխան չեն տալիս, ՀՀԿ-ական պատգամավորն ի՞նչ պատասխան պետք  է տա»,- նշեց նա: