Վարդան Պետրոսյանն առաջին օրվանից առաջարկել է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը. Նիկոլայ Բաղդասարյան
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն արդեն հայտարարել է, որ տուժող կողմն ընդունում է տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու՝ Վարդան Պետրոսյանի առաջարկը, սակայն իրենք էլ իրենց հերթին գրավոր ներկայացրել են իրենց պահանջները:
Այս առնչությամբ Tert.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանն առաջին իսկ օրվանից առաջարկել է օգնել երկու ընտանիքներին էլ:
Դրա վերաբերյալ, ըստ նրա, բազմաթիվ ապացույցներ կան, այդ թվում նաև՝ Վարդան Պետրոսյանի ցուցմունքները և հայտարարությունները:
«Վարդան Պետրոսյանն առաջարկել է իր օգնությունը՝ հոգալու Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված բոլոր ծախսերը: Ցավոք, պարոն Բալոյանը ներկայացնում է, թե չի հիշում, որ նման բան է եղել: Ինչ վերաբերում է տուժող կողմի՝ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելուն, ապա Վարդան Պետրոսյանն արդեն իր կարծիքը հայտնել է այս մասին, դա իրենց իրավունքն է, թող ներկայացնեն»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Կրկին անդրադառնալով Տաթևիկ Հակոբյանի բուժման հարցերին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն լիազորել է զբաղվել այդ հարցերով, և Տաթևիկ Հակոբյանը կարող է ցանկացած պահի գնալ հիվանդանոց, ստանալ բուժումը, և բուժման հետ կապված բոլոր հարցերը կհատուցի Վարդան Պետրոսյանը:










