Պորոշենկոն հայտնել է, որ Քերին Ռուսաստան ուղևորվելիս ինքնաթիռից զանգահարել է իրեն

13:26 • 20.05.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բրիտանական BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստան մեկնելիս զանգահարել է իրեն ինքնաթիռից՝ նախատեսվող բանակցությունների բովանդակությունը քննարկելու համար։

 

«Մինչ պետքարտուղար Քերին մեկնել է Մոսկվա (հավանաբար նկատի է ունեցել Սոչին-Tert.am), նա ինձ զանգել է ինքնաթիռից և բացատրել Մոսկվայում Ուկրաինայի մասին սպասվող իր զրույցի բոլոր մանրամասները: Ուկրաինան եղել է գլխավոր առաջնահերթությունը, նախատեսվում էր նաև քննարկել Իրանը, Սիրիան և այլ հարցեր»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:

 

Նա ընդգծել է, որ բանակցություններից հետո նույնպես հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ, ինչպես նաև երկարատև զրույց է ունեցել պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ:

 

Պորոշենկոյի խոսքով՝ ինքը վստահում է և՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, և՛ փոխնախագահ Ջո Բայդենին, և՛ պետքարտուղար Ջոն Քերիին: