ԱՄՆ պետդեպը դատապարտել է Սիրիայում ՌԴ դեսպանատան վրա իրականացված հարձակումը

09:51 • 20.05.15

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«ԱՄՆ-ն դատապարտում է Դամասկոսում ՌԴ դեսպանատան ականակոծությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ընդգծվում է, որ այդ կառույցը պաշտպանված է միջազգային նորմերով:
 

«Մենք կոչ ենք անում դատի տալ բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում նման գործողությունների համար, և պնդում ենք սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտության հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսում ականակոծության էր ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը: Կրակ էր բացվել Ջոբար շրջանից, որն անօրինական զինյալ խմբավորումների վերահսկողության տակ է:

 

Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչությունից 15 մետր հեռավորության վրա, մեկ ուրիշը հարվածել է արտաքին պատին ու դիպել ծառայողական շինության աշխատասենյակին: Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն դեսպանատան վրա իրականացված հարձակումն ահաբեկչություն է որակել: