Բրազիլիայում լրագրողի գլխատված մարմին են գտել

13:51 • 21.05.15

Բրազիլիայի Մինաս-Ժերայս հարավ-արևելյան նահանգում հայտնաբերվել է բրազիլացի գլխատված լրագրողի մարմինը. հայտարարել է երկրի ժուռնալիստների միության նախագահը:
 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 67-ամյա լրագրող Էվանի Ժոզե Մեցկերը  երեք ամիս շարունակ աշխատել է երկրի ամենաաղքատ շրջաններում՝ հավաքելով տեղեկություններ թմրանյութերի վաճառքի ու մանկական մարմնավաճառության դեմ:
 

«Միությունը ուշադիր քննություն է պահանջում: Անկախ լրագրողին զգուշացրել էին, որ նա վտանգում է կյանքը՝ հետաքննելով այդ հարցերը»,- ասել է միության ներկայացուցիչը:

 

Մեցկերի մարմինը հայտնաբերվել է լրագրողի անհետացումից 5 օր անց: Նրա մարմինը տեղափոխվել է Բելու-Օրիզոնտի նահանգի վարչական կենտրոն: Քննության տվյալներով՝ ոստիկանությունը չի բացառում, որ սպանությունը տեղի է ունեցել աֆեկտի վիճակում:
 

Լրագրողների միությունը դատապարտել էր սպանությունը՝ այն համարելով խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված հանցագործություն: