Բարսելոնայի համալսարանում «Հայաստան, 100 տարի անց» խորագրով ցուցադրություն և կլոր սեղան-քննարկում է անցկացվում

14:06 • 21.05.15

Բարսելոնայի համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում մայիսի 19-ից մինչև հունիսի 5-ը «Հայաստան, 100 տարի անց» խորագրով լուսանկարչական ցուցադրություն է անցկացվում, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցուցադրությունը բաղկացած է լուսանկարիչ  Անդրե Ֆերնանդեսի` վերջին վեց տարում պատկերած լուսանկարներից և պատմաբան Դավիթ Դևեսայի փաստաթղթերից , որոնք ներկայացնում են կատարված փաստերը:

 

Լուսանկարներից ոմանք արվել են Բարսելոնայում, որոնց թվում է նաև տարագիր Սուրեն Միրաքյան- Տիգրանյանի դիմանկարը, ով ծնվել է Իզմիրում 1909-ին և աքսորվել Հունաստան: Այնուհետև ապրել է Արգենտինայում, հետո տեղափոխվել Բարսելոնա, որտեղ էլ մահացել է 2010-ին:



Ցուցադրության բացման առթիվ Բարսելոնայի համալսարանի Համերաշխության հիմնադրամի Հուշերի եվրոպական կենտրոնը համալսարանում մայիսի 21-ին կլոր սեղան է կազմակերպում, որին կմասնակցեն Բարսելոնայի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Դավիթ Բոնդիան, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի խոսնակ Արմեն Գաբրիել Սիրունյանը, «Արարատ» հայկական միության ներկայացուցիչը Կատալոնիայում` Սարգիս Հակոբյանը, լրագրող Խավիեր Մորետը և լուսանկարիչ Անդրե Ֆերնանդեսը:

 

Քննարկման կենտրոնական թեման 1915-1921 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն է, որը համարվում է ժամանակակից աշխարհի առաջին խոշորագույն կոտորածը: