Ալբանիան սպառնում է վետո դնել ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման սպառնացել է, որ իր երկիրը վետո կդնի ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությանը՝ նշելով, որ երկիրը չի հարգում իր էթնիկ ալբանացի փոքրամասնության իրավունքները, գրում է France 24-ը:
«Մակեդոնիան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ առանց հաշվի առնելու Օհրիդի համաձայնագիրը և մարդու իրավունքները»,- ասել է Ռաման՝ խոսելով Մակեդոնիայի կառավարական ուժերի և էթնիկ ալբանացի ապստամբների միջև 2001 թվականի կոնֆլիկտին վերջ դրած խաղաղության համաձայնագրի մասին:
Ալբանիան ՆԱՏՕ-ին միացել է 2009 թվականին: Դաշինքի հաջորդ գագաթաժողովը սպասվում է հաջորդ տարի Լեհաստանում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ութ ոստիկան և առնվազն 14 ալբանացի է մահացել Մակեդոնիայի հյուսիսային Կումանովո քաղաքում զինված հանցավոր խմբավորման դեմ իրավապահ մարմինների հատուկ գործողության ընթացքում: Գրոհայինների թվում են եղել Կոսովոյից, Ալբանիայից և Մակեդոնիայից էթնիկ ալբանացիներ:










