Դուբայի իշխանությունները խստացրել են զբոսաշրջիկների համար «դրես-կոդը»
Դուբայի իշխանությունները խստացրել են «դրես-կոդի» կանոնները զբոսաշրջիկների համար։ Քաղաքի շատ պետական հաստատությունների մոտ, իշխանությունների պահանջով, արդեն տեղադրվել են վահանակներ, որոնք ներկայացնում են հյուրերի վարքականոնները, գրում է segodnya.ua-ն։
Դուբայի քաղաքապետարանի բաժանմունքներում կին այցելուներին տրամադրվում է ավանդական հանդերձանք՝ աբայա։ Իսկ առևտրային կենտրոնների մուտքի մոտ զբոսաշրջիկներին բաժանում են թռուցիկներ, որոնք կոչ են անում «փակել ուսերն ու ծնկերը»։
Տեղական թերթերը գրում են, որ խանութների աշխատակիցներն այժմ իրավունք ունեն այցելուներին խնդրելու լքել հաստատությունը, եթե որևէ մեկը բողոքի իրենց արտաքին տեսքից։
Դուբայի իշխանությունները դեռևս 2009-ին հատուկ «դրես-կոդ» էին սահմանել՝ կոչ անելով այցելուներին «կրել համեստ հագուստ՝ ոչ թափանցիկ գործվածքներից» և լողազգեստներ հագնել միայն լողափում։ Զբոսաշրջիկներին արգելված է նաև գրկախառնվել և ընդհանրապես ֆիզիկապես զգացմունքներ ցուցադրել հասարակական վայրերում։










