Ղրղզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին երկրի անդամակցության մասին օրենքը
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը պետության միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին օրենքը, գրում է lenta.ru-ն: Մեկ օր առաջ՝ չորեքշաբթի օրը, երրորդ ընթերցմամբ ԵՏՄ-ին երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագիծն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանը:
Փաստաթուղթը բաղկացած է հիմնական մասից, որտեղ ամրագրված են անդամակցության պայմանները և նշված է պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը, և երկու արձանագրություններից:
Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները: Սակայն վերջնական անդամակցումը տեղի կունենա միայն բոլոր անդամ երկրներում վավերացման գործընթացների ավարտից հետո:










