ԱԺ նախագահը և Մեքսիկայի Սենատի ներկայացուցիչը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը

16:36 • 21.05.15

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
 

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Մեքսիկայի միջև մշակութային կապերի զարգացման առթիվ:


Նա կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ և փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խումբը:

 

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը նաև միջազգային ասպարեզում: Այնուհետև անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: ԱԺ նախագահի կարծիքով՝ խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման և կանխման գործում:
 

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերհաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:

 

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև 2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի Վերին և Ստորին պալատների կողմից ընդունված բանաձևերին, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանը և հակադրվում են միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձևերի ընդունման առիթով:

 

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Կուևաս Բառոնի այցը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

 

Գաբրիելա Կուևաս Բառոնն իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն ընդլայնելու և սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի և հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ: Նա հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը:

 

Տիկին Կուևաս Բառոնը նշել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա:
 

Հանդիպման ավարտին Գաբրիելա Կուևաս Բառոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ-մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը: