Շիրակի մարզպետն ընդունել է ճանաչողական այցով Գյումրի ժամանած ԱՄՆ դեսպանին

16:33 • 21.05.15

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ճանաչողական այցով Գյումրի ժամանած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

 

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից։
 

Ֆելիքս Ցոլակյանը  նախ ողջունել է հյուրին, ապա խոսելով  Շիրակի մասին նշել է, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, այժմ, սակայն, այս ոլորտում անելիքները շատ-շատ են:


«Ես պետք է ասեմ, որ Շիրակը 88-ի աղետից շատ է տուժել, անցած տարիներին մարզում լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ այլևս չկան:  Այժմ Շիրակի մարզն ավելի շատ գյուղատնտեսության առումով է աչքի ընկնում, այստեղ հիմնականում հացահատիկային մշակաբույսեր են արտադրվում»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը: 
 

Միացյալ Նահանգների դեսպանատունը ձգտում է խթանել Գյումրու բարօրությունն ու վերածնունդը։ Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում ԱՄՆ կառավարության ուշադրության հիմնվում է մասամբ Հայաստանի ինովացիոն-բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարների վրա, որի վառ վկայությունն է Գյումրու տեխնոպարկը։

 

Ռիչարդ Միլսին հետաքրքրել է գյուղատնտեսության բնագավառում արտահանումների հետ կապված հարցրերը: Մարզպետը նշել է, որ մարզից դեպի Վրաստան արտահանվում է հիմնականում կարտոֆիլ:
 

Դեսպանը մարզպետին շնորհակալություն է հայտնել ընդգրկուն ու համակողմանի տեղեկատվության համար, այնուհետ նշել է, որ ինքն ուրախ է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու ԱՄՆ-ը առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են լինելու առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներն ու բարդությունները:
 

«Համաձայնագրի ստորագրումը լուրջ նշանակություն ունի առևտրի ու ներդրումների համար, նշանակում է երկու երկրների կառավարությունները փորձելու են առևտրաշրջանառության հետ կապված հարցերն ու խնդիրները  լուծել»,- ասել է պարոն Միլսը: 

 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տուրիզմի զարգացման հեռանկարներին:

 

Ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով և հույս հայտնել, որ հանդիպումներն ու երկխոսությունները հաճախակի կլինեն, ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը: