ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

22:36 • 21.05.15

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

 

Ըստ հռչակագրի՝ ակնկալվում է որքան հնարավոր է` շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում մարտի 16-19 անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին: Նշվել է, որ Եվրանեսթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդանական համագործակցության կարևոր հարթակ է:


Հռչակագրում ասվում է,  որ ԵԺԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝  ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների և սկզբունքների վրա:


Ըստ փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է ինքնուրույն  լինեն իրենց ապագան որոշելու հարցում, այդ թվում՝ միջազգային այլ պայմանագրերի միանալու եղանակով՝ առանց արտաքին ճնշման և սպառնալիքների ենթարկվելու: «ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխան ընտրությունը իրենց ապագան որոշելու հարցում»,- ասված է հռչակագրում:
Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի հակամարտությանը, Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության խորացման հետ կապված հարցերի: