Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի 5 մլն դոլարանոց տունը վտանգի տակ է հայտնվել նավթի արտահոսքի պատճառով (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի զույգ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի շքեղ առանձնատներից մեկը, որը գտնվում է Կալիֆոռնիայի ափին, հայտնվել է լուրջ վտանգի տակ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 5 մլն դոլար արժողությամբ տունը գտնվում է Սանտա Բարբարա շրջանում, որտեղ տեղի է ունեցել նավթի խոշոր արտահոսքը:
Փիթն այս առանձնատունը ձեռք է բերել 2000 թ.` վճարելով 4 մլն դոլար: Այժմ բազմանդամ ընտանիքն այն օգտագործում է բացառապես ամառային հանգստի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ օվկիանոսի ջուրն է թափվել 2.500 բարել նավթը, ինչն ահռելի վտանգ է ներկայացում շրջակա միջավայրի համար: Հայտնի է, որ նախքան այս դեպքը Սանտա Բարբարայի լողափը համարվում էր աշխարհում ամենամաքուրներից ու լավ պահպանվածներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն աղետի գոտի է հայտարարել Սանտա Բարբարա շրջանը :
«Այդ քայլը հնարավորություն կտա արտակարգ միջոցներ ձեռնարկել և կօգնի առկա ռեսուրսները մոբիլիզացնելուն: Մենք կանենք հնարավորը՝ Կալիֆոռնիայի ափերը պահպանելու համար»,- ասել է նա:
Երեքշաբթի ցերեկը հանգստավայրային Սանտա Բարբարա քաղաքից 34 կմ արևմուտք նավթատար խողովակ է վնասվել, ինչի հետևանքով նավթի զգալի քանակություն լցվել է ջուրը:
Նույն օրն արտահոսքը դադարեցվել է, և սկսվել են նավթը ջրից և ծովափից հավաքելու աշխատանքները:






















