«Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել են խուզարկություններ, հարցաքննվել տարբեր անձինք

19:30 • 21.05.15

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն  է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ 


Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ  անձինք, առգրավվել են  Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմուշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։


Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական  շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ.Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։