«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, կընդգծի ԵՄ-ի ծրագրի տապալումը. The Guardian

12:24 • 21.05.15

Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, կընդգծի ԵՄ-ի ծրագրի տապալումը, որի նպատակն է նախկին խորհրդային 6 պետություններին դուրս բերել Մոսկվայի ազդեցության շրջանակից և «Բրյուսելի գիրկը նետել», գրում է The Guardian-ը։

 

Կրեմլի միջամտությունն Ուկրաինայում, սակայն, խառնաշփոթի է վերածել «Արևելյան գործընկերության» գաղափարը, դրան նպաստել է նաև այն, որ 6 երկրներից 2-ը՝ Հայաստանը և Բելառուսը, միացել են Եվրասիական տնտեսական միությանը, որը որպես ԵՄ-ի մրցակից է ներկայանում։

 

Մինչդեռ Ուկրաինան և Վրաստանը, որոնք ամենաեվրոպամետ երկրներն են այդ 6 պետություններից, հավանաբար, հազիվ թե խրախուսվեն Ռիգայի գագաթաժողովի ընթացքում։

 

«ԵՄ-ն երբեք թույլ չի տա, որ երրորդ երկիրը քաղաքականություն թելադրի այլ երկրների հանդեպ։ Ինչևէ, հետագայում մենք ավելի զգույշ կգործենք Ռուսաստանի հարցում։ Հավանաբար, նախկինում բավականաչափ զգուշություն, բավականաչափ երկխոսություն չի դրսևորվել»,- նշել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

 

Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ իրենք չեն ցանկանում սադրել Ռուսաստանին և ևս մեկ պատճառ տալ ագրեսիա ցուցաբերելու համար։ Նա խոստովանել է, որ իրենք պետք է չափազանց զգույշ լինեն Ռուսաստանի հարցում։