Ցավոք Սիրիայում վիճակն իրոք գնալով առավել վտանգվում է. Հրանուշ Հակոբյան

12:07 • 21.05.15

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Սիրիայի Հալեպում քաղաքում տիրող իրավիճակին և նշեց, որ նախարարությունն  ամենօրյա կապի մեջ է ՀՀ դիվանագիտական ծառայությունների և համայնքում գործող «Շտապօգնություն և վերականգնում» կազմակերպության հետ, որոնք մեր հայրենակիցներին ամենօրյա օգնություն են կազմակերպում:


«Ցավոք վիճակն իրոք գնալով առավել վտանգվում է, քանի որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ. զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնեական, մասնավորապես՝ նաև հայկական շրջանները»,-ասաց Հրանուշ Հակոբյանը` հիշեցնելով, որ վերջերս հրթիռակոծվեց հայկական եկեղեցին, և շարունակվում են թալանվել ու պղծվել հուշարձաններ։


Նա նշեց նաև պայման է դրվում մեր հայրենակիցների առջև՝ հնարավորինս շուտ հեռանալ տարածքից: Սփյուռքի նախարարը նշեց, որ խնդիրները հիմնականում երեք ուղղությամբ են զարգանում` մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս գալու ճանապարհին է, իսկ մյուս մասը շարունակում է ապրել այդտեղ` չնայած դժվար պայմաններին:

 

«Խուճապային տրամադրությունն արդեն անցել է, որովհետև վերականգնվել են ջուրը, լույսը, էլեկտրաէներգիան, սակայն վերջին օրերին ռմբակոծության տակ է Դամասկոսի շրջանը, որտեղ հայերը քիչ են»,- տեղեկացրեց նախարարը` ընդգծելով, որ վերջին շրջանում Հայաստան է ժամանել մոտ երկու հարյուր սիրիահայ։
 

Նախարարը նշեց նաև, որ գումարել են միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ ևս մեկ անգամ հասկանալու, թե ինչ կարող են անել մեր հայրենակիցներին աջակցելու համար:
 

«ՄԱԿ-ի հանձնակատարի հետ ևս հանդիպեցինք և ճշգրտեցինք, թե ինչպիսի հնարավորություններ կան սիրիահայերի օգնությունը Հայաստանում կազմակերպելու համար»,-ասաց նա:

 

Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև սիրիահայերի` Հայաստանում հանդիպած խնդիրների մասին: Նա առաջինը ընդգծեց բնակարանային վարձի հարցը։

 

«Եկողները երկու խմբի են բաժանվում` մի մասը մտածում է, որ արձակուրդներից հետո կվերադառնան Սիրիա, իսկ մյուս մասը եկել է այստեղ հաստատվելու համար: Բնակվարձի հետ կապված որոշակի առումով կարողացել ենք լուծումներ գտնել։ Երկրորդ խնդիրը կապված է աշխատանք գտնելու հետ: Մենք Էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվացնում ենք փոքր բիզնեսին օգնություն ցուցաբերելու գործընթացը, ինչպես նաև նորեկների համար դասընթացներ անցկացնելու ծրագիրը։ Կաշխատենք, որ նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է տեղում սիրիահայերին հոգեբանական և այլ օգնություն ցուցաբերելուն, ապա նախարարը նշեց, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ արտաքին գործերի նախարարն օրերս կմեկնի Սիրիա, ինչպես նաև պատգամավորներ կայցելեն, ինչը որոշ չափով օգնություն կլինի Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար:
 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մաքսիմալ աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին։