Բունդեսթագում գերմանա-հայկական ֆորում է հիմնադրվել

15:30 • 21.05.15

Գերմանիայի Բունդեսթագում մայիսի 20-ին տեղի է ունեցել Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանա-հայկական ֆորումի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է:


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:


Միջոցառման սկզբում ընտրվել է ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ է ընտրվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ` Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ են ընտրվել ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արտակ Դավթյանը, Աշոտ Սմբատյանը, Ալբերտ Վայլերը: