Ավարտվել է «Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացված մարզական միջոցառումը

17:48 • 22.05.15

Մայիսի 22-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական  ծառայության հետ համատեղ  ՀՀ  ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացված զանգվածային մարզական միջոցառումը 6 մարզաձևից:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
 

Վազք 30 մետր և հեռացատկ մարզաձևերում 1-ին տեղը գրավեց Անի Թադևոսյանը, բազկամարտում՝ Քրիստինե Ներսիսյանը, շաշկու առաջնությունում հավասարը չունեցավ Անուշ Մարտիրոսյանը, իսկ սեղանի թենիսի մրցաշարում հաղթող ճանաչվեց Կարինե Ղարիբյանը:
 

Հատկանշական է, որ գրեթե բոլոր մարզաձևերում Անի Թադևոսյանը ցույց տվեց բավականին լուրջ արդյունքներ:
 

Անցկացվեց նաև վոլեյբոլի մրցաշար կին դատապարտյալների և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների միջև, որում հաղթողի դափնին նվաճեցին հիմնարկի աշխատակիցները:
 

Հաղթողները ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Քրեակատարողական  ծառայության  ղեկավարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:
 

ՀՀ  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մարզական խաղերի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը պարգևատրվեց շնորհակալագրով: