Կառավարությունում քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

19:11 • 22.05.15

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Կարավարությունից՝ վարչապետը ողջունել է տիկին Բառոնի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական,  մշակութային և այլ բնագավառներում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է  միջխորհրդարանական կապերի սերտացումը, այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում: Խոսելով Հայաստանի և Մեքսիկայի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները ևս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը: Այդ առումով, երկուստեք ընդգծվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:


Գաբրիելա Կուևաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: