Ռոմանտիկ պահ էր, սիրած աղջիկ, ընկերական միջավայր, ծնողներ. Արմեն Աշոտյանը վերհիշեց իր «Վերջին զանգը»

14:21 • 22.05.15

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով այսօր գտնվում էր թիվ 112 ավագ դպրոցում անցկացվող «Վերջին զանգի» արարողությանը, հորդորեց շրջանավարտներին տոնել օրը, բայց չանել անթույլատրելի բաներ:


Լրագրողի հարցին, թե ինքը ինչ-որ անթույլատրելի բան արե՞լ է իր «Վերջին զանգի» օրը, շշուկով պատասխանեց, որ ծխել է:


«Էլի բաներ եմ արել, բայց միայն դա կարող եմ ասել»,-ծիծաղելով ասաց նա:


Նախարարը, շարունակելով վերհիշել իր ավարտական օրը, նշեց, որ չէր ցանկանա նորից ապրել այդ պահը, որովհետև այն շատ քաղցր է ու պետք է մնա այդպիսի գեղեցիկ հիշողություն:


«Ռոմանտիկ պահ էր, սիրած աղջիկ, ընկերական միջավայր, ծնողներ, որոնք բացում են անընդհատ դուռը՝ տեսնեն ինչով ենք զբաղված»,-ասաց նա:


Արմեն Աշոտյանի մաղթեց շրջանավարտներին գտնել իրենց տեղը հայրենիքում:


«Գտնեն իրենց երջանկությունը և հասկանան, որ ապագան կարող է կառուցվել բացառապես գիտելիքով, հավատան, որ ունեն ամենակարևոր շարժիչը իրենց կյանքի՝ իրենց գլուխը և ինչքան այդ գլուխը լավ աշխատի ու շատ աշխատի, այնքան առաջ կգնան»,-ասաց նա: