Գիտնականները երկարակեցության նոր բաղադրատոմս են հայտնաբերել

21:12 • 22.05.15

Հարվարդի համալսարանի հետազոտող գիտնականների խումբը պարզել է, որ տարեց մարդիկ, ովքեր հաճախ են ծովամթերք օգտագործում, 30 տոկոսով ավելի քիչ են հակված սրտային համակարգի  հիվանդություններ ձեռք բերելուն և ընդհանուր առմամբ՝ ավելի երկար են ապրում: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` հետազոտության արդյունքները հարապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:


Հետազոտությունն անցկացվել է տասնվեց տարվա ընթացքում` 65 տարեկանից բարձր 3000 մարդու մասնակցությամբ: Նրանց մի մասը ծովամթերքներ էր օգտագործում, մյուսը` ոչ: Երկու խմբում էլ օրգանիզմի մոնիթորինգ էին անցկացնում պարբերաբար` որոշելով ընդհանուր վիճակը և գրանցելով հիվանդության կամ մահացության դեպքերը:


Արդյունքում ծովամթերքների սիրահարները 16 տարվա ավարտին ցույց են տվել 2.2 տարով ավելի երկար կյանքի տևողություն, քան նրանք, որ ձկնեղեն չեն օգտագործել:


Ինչպես նշում են գիտնականները` ողջ հարցը ձկան բաղադրության մեջ առկա ճարպաթթուների պարունակությունն է, որն անհրաժեշտ է առողջ սրտային համակարգ ունենալու համար:

 

Գիտնականները երկարակեցության նոր բաղադրատոմս են հայտնաբերել