Մերկելն աջակցություն է հայտնել Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ-ի առանց վիզայի ռեժիմի սահմանմանը

14:59 • 22.05.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցություն է հայտնել Վրաստանի և Ուկրաինայի հետ Եվրամիության առանց վիզայի ռեժիմի սահմանմանը, գրում է Новая Газета-ն:

 

«Ես շատ հստակ հեռանկարներ եմ տեսնում առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար»,- հայտարարել է Մերկելը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ունեցած ելույթի ժամանակ: Կանցլերը հայտնել է ռեժիմի սահմանման ժամկետները՝ մինչև տարվա վերջ, բայց նշել է, որ այդ հարցով վերջնական որոշումը կկայացնի Եվրահանձնաժողովը:

 

Մերկելի խոսքով՝ նրա դիրքորոշումը պաշտպանում են որոշ եվրոպացի առաջնորդներ, որոնց հետ նա խոսել է նախօրեին, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

 

ТАСС-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում «իրենց առաջակցությունն են հայտնել Վրաստանին երկրի եվրաինտեգրման գործընթացում»:

 

Ղարիբաշվիլիի և Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի իրականացման շրջանակում Վրաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: