Lufthansa-ն A320-ի կործանումից հետո պատրաստվում է հակադեպրեսանտների թեստեր սահմանել
Germanwings ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի աղետից հետո, որը միտումնավոր կործանել էր երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը՝ անձնական կյանքի հետ կապված խնդիրների պատճառով, Lufthansa ընկերությունը ցանկանում է օդաչուների կողմից հակադեպրեսանտների ընդունման անսպասելի թեստեր սահմանել: Այդ մասին հայտարարել է կոնցեռնի ղեկավար Կարստեն Շպորը, հաղորդում է ТАСС-ը:
Նման ստուգումները կարելի է համեմատել դոպինգի օգտագործման անսպասելի թեստերի հետ, որոնք պարբերաբար անցնում են մարզիկները: Միևնույն ժամանակ՝ Շպորը նախընտրել է չօգտագործել «դոպինգ-թեստ» տերմինը:
Եթե պարզվի, որ օդաչուն վերջին ժամանակներում հակադեպրեսանտներ է օգտագործել, ինչպես եղել է Լուբիցի դեպքում, դա կարող է ցույց տալ նրա հոգեբանական խնդիրների առկայության մասին, ասել է նա:
«Բնականաբար, մենք աշխատում ենք, որպեսզի կրճատենք թռիչքների ժամանակ ռիսկերը»,- հայտարարել է նա:
Germanwings ընկերության A320 ուղևորատար ինքնաթիռը, որը Բարսելոնայից ուղևորվում էր Դյուսելդորֆ, կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ինքնաթիռում եղել է 150 մարդ՝ 144 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, նրանք բոլորը մահացել են:










