Վարչապետը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ»–ին

14:24 • 22.05.15

Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» միջոցառմանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Վարչապետը  շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար:

 

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը:

 

Կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգում շարունակական բարեփոխումները, քանի որ մեր երկրի հաջողության գրավականը կրթված և ապագային միտված սերունդ ունենալն է:
 

«Մենք մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը:
 

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար: