Չիտայում ձերբակալել են ՌԴ սահմանը 3 անգամ ապօրինի հատած ՀՀ քաղաքացու
Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում իրավապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Բարսեղյանին, ով մեղադրվում է ՌԴ պետական սահմանը 3 անգամ ապօրինի հատելու համար:
Ինչպես նշում է zabinfo.ru-ն, ավելի վաղ 47-ամյա Բարսեղյանը կրել է Վարդանյան ազգանունը: Հայտնի է, որ 2014թ. հունիսին միգրացիոն օրենսգրքի խախտման պատճառով նա հեռացվել է ՌԴ տարածքից` 5 տարի ժամկետով զրկվելով Ռուսաստանի սահմանը հատելու իրավունքից:
Դրանից հետո նա Հայաստանում ամուսնացել է ու միտումնավոր վերցրել կնոջ ազգանունը` Բարսեղյան: Այնուհետև ստացել է նոր անձնագիր:
Ըստ ռուս իրավապահների տեղեկությունների՝ Բարսեղյանը 2014թ. օգոստոսի 2-ին և նոյեմբերի 6-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվարի 23-ին նոր անձնագրի շնորհիվ հատել է ՌԴ պետական սահմանը:










