«Արևելյան գործընկերության» նպատակը այդ երկրները Ռուսաստանի ազդեցությունից պոկելն է. քաղաքագետ
«Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակը մասնակիցներին՝ Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Բելառուսին և Ադրբեջանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Ռիգայում այսօր անցկացված «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին։ «Այդ ամենը միայն մի նպատակ ունի՝ պոկել այդ երկրները Ռուսաստանի ազդեցությունից, ինչն ի սկզբանե մտածված է եղել»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ Եվրամիությունը երբեք հետաքրքրված չի եղել այս տարածաշրջանի երկրներով, և նրանց խնդիրը չի եղել՝ զարգացնել այդ երկրները։
Նա նշեց, որ թեև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարել է, որ վիզային ռեժիմի հեշտացում ԵՄ-ի կողմից դեռևս անհնար է, սակայն դա վերաբերում է նաև մյուս երկրներին, ինչպես նաև՝ Հայաստանին։ Իսկ ինչ վերաբերում է Լատվիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար, նա հարց բարձրացրեց, որ նույնիսկ վերացնելու դեպքում պետք է նայել, թե մեր բնակչության քանի տոկոսը կարող է մեկնել՝ հաշվի առնելով տոմսերի գները։
Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ Ռիգայի գագաթնաժողովից դեռ դրական արդյունքներ չկան։










