Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել զբոսաշրջային այցելությունների քանակով
Ավելի քան 16 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Իսպանիա ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում: Դա հերթական ռեկորդն է երկրում իսկական «բում» գրանցած զբոսաշրջության ոլորտում, գրում է ria.ru-ն:
Զբոսաշրջիկների ժամանմանը հետևող Frontur կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարից ապրիլ երկիր այցելել է 4,4 տոկոսով ավելի շատ օտարերկրացի, քան մեկ տարի առաջ: Միայն ապրիլին նրանց թիվը կազմել է 5,4 միլիոն մարդ:
Առհասարակ, Իսպանիա ամենաշատն այցելում են Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Այս ժամանակահատվածում մեծացել է Իտալիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կորեայից և Չինաստանից զբոսաշրջիկների քանակը:
Ամենատարածված ուղղությունը շարունակում է մնալ Կատալոնիան (26 %), Կանարյան կղզիները (25,3 %) և Անդալուսիան (13,5 %):
Իսպանիան անցած տարի ռեկորդ է սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների քանակով՝ մոտ 65 միլիոն մարդ, ինչը 7,1 տոկոսով ավելին է, քան 2013 թվականին:










