Թուրքիայում բացվել է արհեստական կղզում գտնվող առաջին օդանավակայանը
Թուրքիայում արհեստական կղզում գտնվող առաջին օդանավակայանն ուրբաթ օրն ընդունել է առաջին ուղևորներին, գրում է ria.ru-ն:
136 ուղևոր տեղափոխող առաջին ինքնաթիռն Օրդու-Գիրեսուն օդանավակայան է ժամանել Ստամբուլից: Ուրբաթ օրը տեղի կունենա օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ:
Օրդու-Գիրեսունը դարձել է Թուրքիայում 52-րդ օդանավակայանը: Դրա կառուցումը սկսվել է 2011 թվականի հուլիսին և արժեցել է մոտ 133 միլիոն դոլար: Սպասվում է, որ նոր օդանավակայանի աշխատանքի մեկնարկի հետ կաճի Թուրքիայի սևծովյան Օրդու և Գիրեսուն շրջաններ զբոսաշրջիկների և ներդրողների հոսքը:










