«Արևելյան գործընկերությունը» գեղեցկության մրցույթ չէ ԵՄ-ի և Ռուսաստանի համար. Եվրախորհրդի ղեկավար
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ելույթ է ունեցել «Արևելյան գործընկերության» ձևաչափի վերաբերյալ, որի մասնակից պետությունների գագաթաժողովը բացվել է մայիսի 21-ին Ռիգայում, գրում է Deutsche Welle-ն։
Տուսկի կարծիքով՝ ԵՄ-ի ծրագիրը չպետք է վերածվի Ռուսաստանի և Եվրամիության միջև «գեղեցկության մրցույթի» և մրցակցության ասպարեզի՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում և ծրագրի անդամ այլ երկրներում ազդեցության ոլորտի համար։
«Սակայն ես պետք է անկեղծ լինեմ՝ գեղեցկությունը նշանակություն ունի»,- նշել է Տուսկը։
Եթե Մոսկվայի քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ լիներ «մի փոքր մեղմ, գրավիչ և հմայիչ», Ռուսաստանը ստիպված չէր լինի «փոխհատուցել իր թուլությունները» «ապակառուցողական, ագրեսիվ և վախեցնող գործողություններով», նշել է ԵԽ նախագահը։










