Ուրուգվայի համալսարանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային սեմինարը

00:25 • 23.05.15

Ուրուգվայի պետական համալսարանում մայիսի 21-ին  մեկնարկել է  «Մտորումներ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շուրջ» խորագրով միջազգային սեմինարը, որի բանախոսներն էին սոցիոլոգ և քաղաքական գործիչ Բելելա Էռերան, պատմաբան Խերարդո Կաետանոն և պրոֆեսոր, Ուրուգվայի կրթության նախկին նախարար  Լեոնարդո Գուսմանը: Սեմինարի բացումը իրականացրել է համասարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանը:


Ինչպես տեղեկացնում է համալսարանի կայքը` սեմինարի երկրորդ մասում ելույթ է ունեցել մարդաբան Մեհմեթ Ալի Դողանը` ներկայացնելով իր դիտարկումները «Էթնոսը թուրքական տարածքում և բազմազգության հայեցակարգը» թեմայի շուրջ: Մշակութային ցեղասպանության մասին ելույթով  հանդես է եկել  փաստաբան Օսկար Լոպես Գոլդարասենան: Սեմինարը վարում էր Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի անդամ Մարիանա Գոնսալես Գույերը:


Ռեկտոր Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, ովքեր ժամանել են մասնակցելու սեմինարին, ինչպես նաև՝ պատմել է իր պատմությունը: Իրեն մեծացրել է մայրը` Օսանա Աբրահամյանը, ով Ցեղասպանությունը վերապրածների դուստրն է: Ռեկտորը պատմել է, թե ինչպես են իր տատն ու պապը` Մարիամն ու Մանուկը, հասել Ուրուգվայ 1926-ի օգոստոսին` «Իրաքի և Սիրիայի անապատներում 11 տարվա տառապանքներից հետո»: Մեջբերելով այդ պատմությունը` ռեկտորը խոսել է «պատմության և հիշողության միջև գտնվող գոտու մասին», որի շուրջ քննարկումների նպատակն է ապագայի պատմություն կառուցելը: