ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը

15:05 • 23.05.15

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի»  միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն  ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում:


Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր  շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛բերկրանքով, թե՛ հրաժեշտի  ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով  ու մարտահրավերներով:  Հրաժեշտի  ծանրություն,  քանզի լսում եք  ձեր պատանեկան  անաղարտ  երազանքների ու հույզերի  վերջին զանգը,  հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին:


Այս պահը  հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր  նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ:  Ուստի,  կոչ եմ  անում ձեզ՝ ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել  կյանքի հաջորդ փուլի շեմին»: