Հանուն խաղաղության մի խումբ կանայք Փհենյանից երթով շարժվում են դեպի Հարավային Կորեա

10:31 • 23.05.15

Փհենյանում այսօր սկսվել է հանուն Կորեական թերակղզում խաղաղության կանանց միջազգային ակցիան։ Նրանք պետք է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից Հարավային Կորեա ուղևորվեն ապառազմականացված գոտու (ԱՌԳ) տարածքով, գրում է РИА Новости-ն։

 

«Կանայք ԱՌԳ-ի միջով» ակցիայի մասնակիցները, որոնք մոտ 30-ն են աշխարհի 15 երկրներից, մտադիր են երկու կորեական պետությունների միջև ռազմական սահմանազատված գոտին հատել կիրակի։

 

Կանայք կքայլեն ավտոմայրուղով, որը միավորում է Հարավային Կորեան Հյուսիսայինի հետ համատեղ արդյունաբերական գոտու միջով՝ Քեսոն քաղաքի մոտակայքում։

 

Համաձայն ակցիայի կազմակերպիչների հայտարարության՝ ԱՌԳ-ի հատման նպատակն է դադարեցնել Կորեական պատերազմը, որն ընթացել է 1950-1953թթ. և փաստացիորեն չի էլ ավարտվել։ Ռազմական գործողություններն ավարտվել են միայն հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։