Մեքսիկայում ոստիկանների և հանցագործների միջև փոխհրաձգության հետևանքով 43 մարդ է սպանվել
Մեքսիկայի արևմուտքում երեկ ոստիկանների և զինված անձանց միջև փոխհրաձգության հետևանքով առնվազն 43 մարդ է սպանվել։ Պաշտոնական տեղեկություններով՝ բախման 42 զոհը «ենթադրյալ հանցագործներն են»։ Սպանվածներից մեկն իրավապահ մարմինների աշխատակից է, հայտնում է Deutsche Welle-ն։
Միչոական նահանգի նահանգապետ Սալվադոր Խարան հայտնել է, որ վեճը սկսվել է, երբ ոստիկանները կասկածելի մեքենա են կանգնեցրել։ Մեքենայում գտնվող մարդիկ կրակ են բացել։ Այնուհետև նրանց հաջողվել է թաքնվել ֆերմայում՝ Խալիսկո նահանգի սահմանին։ Զինված անձանց չեզոքացման համար այնտեղ է ուղարկվել մոտ 500 զինծառայող և ոստիկանության աշխատակից։
Նահանգապետի խոսքով՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տված անձինք եղել են «Նոր սերունդ» կարտելի անդամներ, որը բացահայտ հակամարտություն է սկսել երկրի զինված ուժերի դեմ։










