Պալմիրայում իսլամիստները ավելի քան 400 խաղաղ բնակչի են սպանել. ԶԼՄ-ներ
Պալմիրան գրաված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները սպանել են 400 խաղաղ բնակչի, հայտնել է սիրիական պետական հեռուստաընկերությունը, գրում է interfax.ru-ն։
Սպանվել են մեծամասամբ կանայք ու երեխաներ։ Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ քաղաքի փողոցներում կան հարյուրավոր դիակներ։
Իսլամիստները գրավել են Պալմիրա քաղաքը շաբաթվա սկզբին, ինչը մտահոգել է միջազգային հանրությանը, քանի որ քաղաքի մշակութային ժառանգության պահպանումը վտանգվել է։
Կայքը նշում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները հայտնի են պատմամշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացման իրենց տխրահռչակ սովորությամբ։










