Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ, հանդիպել հիվանդ զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը և բուժ վարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակը Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ:
Նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: Վերջում պաշտպանության նախարարը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների:













