Կրթության ոլորտում շատ կարևոր է, որ լինի կայուն առաջընթաց. Արմեն Աշոտյան

11:39 • 25.05.15

Կրթության ոլորտում խնդիր է դրված էր շարունակել մեկնարկած բարեփոխումները,  հանդես գալ նոր նախաձեռնություններով  և լուծումներ գտնել առկա մարտահրավերներին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով նախարարության աշխատանքները՝ ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կրթության ոլորտում շատ կարևոր է, որ լինի կայուն առաջընթաց, քաղաքականության հետևողականություն»,-ասաց  նա և նշեց, որ կրթության ուղղությունները պետք է լինեն ազգային կրթական համակարգի արդիականացումը և միջազգային ստանդարտներին համապատասխանելիությունը:

Նախարարն ասաց, որ նախարարների փոփոխությունները կարող են քաղաքականության մեջ երանգներ բերել, սակայն միջազգային տենդեցներին համապատասխանելու համար չպետք է ունենան  ճակատագրական հետևանքներ: Նա նկատեց, որ կրթությունը ամենապահպանողական, իներցիոն ուղղություններից մեկն է և չպետք է ցնցումների ենթարկվի:


Ինչ վերաբերում է նախաձեռնություններին՝ Արմեն Աշոտյանը կարևորեց տասներկուամյա պարտադիր կրթության օրինագծին անցնելը, որը վերջերս ընդունեց ԱԺ-ն և արժանացավ բուռն քննարկումների, ինչպես էլ, ըստ նրա, պետք է լիներ:

«Հստակ ձևակերպվեց, որ իննամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է»,-ասաց նա։ 


Նախարարը նաև կարևորեց   ազգային երգ ու պար առարկայի փորձնական ծրագրի իրականացումը, «մեկ աշակերտին մեկ համակարգիչ» ծրագրի իրականացնումը, որը մեկնարկելու է Վայոց Զորի մարզից և հայալեզվի մի նոր պաշար է ստեղծելու երեխաների համար:

«Մյուս կարևոր որոշումը վերաբերում է գիտության ոլորտին, մասնավորապես գիտության աստիճանաշնորհմանը»,-ասաց նա:  

Նախարարը հայտնեց նաև, որ ռազմահայրենասիրության աշխատանքներում սկիզբ են դնում պատանի երկրապահների ակումբների ձևավորման ծրագրին, և արդեն հարյուրից ավելի ակումբներ են գործում:  

Նա այս տարվա «դափնեպսակը» և, ընդհանրապես, իր պաշտոնավարման ամենախոշոր իրադարձությունը համարեց Եվրոպական բարձրագույն նախարարական համաժողովը, որն աննախադեպ համարեց «իր բնույթով, քաղաքական հետևանքով, որի արդյունքում  Հայաստանի տեղը և գործոնն աննախադեպ աճեց, և այսօր Հայաստանն ավելի տեսանելի  է»: