Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ձայների 52%-ով առաջատար է ընդդիմադիր Անջեյ Դուդան. Exit poll
Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրողների ձայների 52%-ով առաջատար է Անջեյ Դուդան, այս մասին են վկայում Վարշավայում հրապարակված Exit poll-ի նոր ճշտված արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն։
Լեհաստանում ընտրությունների 2-րդ փուլն անցկացվել է կիրակի։ Քվեաթերթիկներում նշված են եղել երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և երկրի ամենախոշոր ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդայի անունները։
Համաձայն Exit poll-ի արդյունքների՝ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 52.0%-ը, Կոմորովսկու օգտին՝ 48.0%-ը։
Լեհաստանի գործող նախագահ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունն ընտրություններում և շնորհավորել Դուդային հաղթանակի կապակցությամբ։
Ձայների հաշվարկների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 25-ի երեկոյան։ Ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին։










