IDeA-ն ու Կովկասի բնության հիմնադրամը Դիլիջանում կզարգացնեն էկոտուրիզմը

13:27 • 25.05.15

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու Կովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund ) միջև այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:


Փաստաթղթի համաձայն՝ կողմերը  պատրաստակամություն են հայտնում համագործակցել Դիլիջան քաղաքում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:


Հուշագիրը ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը:


«Դիլիջան քաղաքն ու հարակից համայնքներն էկոտուրիզմի զարգացման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունեն, և մեր գործընկեր CNF-ի հետ մտադիր ենք ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել: Ակնկալում ենք, որ դրանք կնպաստեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը, այլև շոշափելի արդյունք կունենան համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման, էկոտուրիզմի ոլորտում աշխատատեղերի ստեղծման առումով»,-նշեց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը: Նա հույս հայտնեց, որ հետագայում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել՝  ներառելով  նաև բնության հատուկ պահպանության այլ տարածքներ:


Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը նույնպես կարևոր համարեց սկիզբ առնող գործակցությունը: «CNF հիմնադրամն արդեն վեց տարի է, ինչ  համագործակցում է  Հայաստանի հետ՝  աջակցելով բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք միայն վերջերս ենք սկսել աշխատել «Դիլիջան» ազգային պարկի հետ, և  ուրախ ենք այս ոլորտում մեր ջանքերը միավորել այնպիսի լուրջ գործընկերոջ հետ, ինչպիսին  IDeA հիմնադրամն է: Միասին աշխատելով՝ մենք  ավելիին կարող ենք հասնել և՝ ավելի կարճ ժամանակահատվածում: Սա իսկապես պայծառ օր է Դիլիջանի համար»,-նշել է նա:


IDeA –ն և CNF-ը  ջանքերը կմիավորեն՝ Դիլիջանում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի կայուն զարգացման, խթանման ու կառավարման ապահովմանն ուղղված համալիր ռազմավարության մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանն ուղղված արդյունավետ առաջարկների ձևավորման, ինչպես նաև դրանց կյանքի կոչման համար ներդրումների ներգրավման աշխատանքներում: