Իրաքցի վանականն իսլամիստների ձեռքից հնագույն հայկական ձեռագրեր է փրկել

10:01 • 25.05.15

Գաղտնիք չէ, որ Իրաքի և Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները «խաչակրաց արշավանք» են սկսել իսլամի հետ կապ չունեցող տարբեր ազգերի, մասնավորապես՝ քրիստոնյաների մշակույթների դեմ` միտումնավոր ոչնչացնելով հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, հուշարձաններ, եկեղեցիներ ու գրավոր արձանագրություններ:

 

Սակայն իրաքցի վանական Նաջիբ Միքայելը, սեփական կյանքը վտանգելով, իսլամիստների կործանարար ձեռքից փրկել է մի քանի հարյուր հնագույն ձեռագիր, որոնք Իրաքի 2.000-ամյա քրիստոնեական ժառանգության մի մասն են:

 

Ինչպես նշում է dailystar.com.lb-ն, ընդհանուր առմամբ, վանականը ոչնչացումից փրկել է 13-19-րդ դարերին թվագրվող 6 արկղ ձեռագիր: Հայտնի է, որ իրենցից մեծ արժեք ներկայացնող   փաստաթղթերն իրաքյան Մոսուլ քաղաքից տեղափոխվել են Իրաքյան Քուրդիստան` Քարաքոշ քաղաք: 


Հետաքրքրական է, որ Միքայելի ջանքերով փրկված հավաքածուում կան պատմական ու փիլիսոփայական տեքստեր, քրիստոնեությանն ու իսլամին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև՝ հայերենով, արամեյերենով ու արաբերենով գրված ձեռագրեր:


Վանականի պատմելով, երբ իսլամիստները գրավել են Մոսուլը, իրենք որոշել են հավաքել արժեքավոր ձեռագրերն ու մեքենայով փախչել Քարաքոշ: Սակայն Իրաքի ու Քուրդիստանի սահմանին գրոհայինները թույլ չեն տվել, որ վանականի մեքենան անցնի: Ուստի՝ նա գաղտնի սկսել է հանել ձեռագրերը ու ծածուկ կերպով փոխանցել դրանք ոտքով գնացողներին: Արդյունքում՝ բոլոր ձեռագրերն անվնաս հասել են Իրաքյան Քուրդիստան և այժմ պահվում են Էրբիլի գրադարանում: