Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Բեյրութում

11:09 • 25.05.15

Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:


Ցուցահանդեսին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:


Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:


Ցուցահանդեսը բացել է կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշել է ցուցահանդեսի «Արվեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրել է մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսել է գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:


Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձել է հայ և լիբանանցի ժովողվուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծել ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:


Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծել է, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով:


Դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: