Լավրովը կրկնեց այն, ինչ ասում է ռուսական դիվանագիտությունը 1992թ-ից. Ռուբեն Մեհրաբյան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո որևէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչ ռուսական դիվանագիտությունն ասում է 1992թ-ից: Այս մասին Tert.am-ին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Այսինքն՝ Ռուսաստանը ԼՂ հակամարտության լուծումը պատկերացնում է միայն այն պայմաններում, որը թույլ կտա ավելացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում, մնացած բոլոր տարբերակները ՌԴ-ի համար ընդունելի չեն: Ռուսաստանի համար ընդունելի է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակը, ավելին՝ այս կարգավիճակի միակ շահառուն մնում է Ռուսաստանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ինչպես նաև՝ որ կա իրական բազա համաձայնությունների հասնելու համար:
Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբի ֆորմատը չեզոքացնել, սակայն նրա ջանքերը գոնե մի քանի միջազգային հարթակներում ուղղակի հօդս են ցնդում:
«Մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ, Ադրբեջանը փորձում է այդ մոնիպուլյացիոն դաշտ ներքաշել նաև Ռուսաստանին, որն ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներից մեկն է միայն, և, հետևաբար, Մամեդյարովը ճիշտ հասցեով չի դիմել:
Վերջին օրերի ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը, տանել դեպի խաղաղության, և դրա համար պետք է վերադառնալ ռացիոնալ դաշտ: Ադրբեջանը շարունակում է չհամակերպվել այդ մտքի հետ, ինչը ունի նաև ներքաղաքական պատճառ»,-ասաց նա:










