Մահմեդական գիտնականները կոչ են անում փրկել Պալմիրան

15:04 • 25.05.15

Կահիրեում գտնվող իսլամական ուսուցման Al-Azhar առաջատար կենտրոնը կիրակի օրը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ աշխարհը պետք է միավորվի և թույլ չտա «Իսլամական պետություն» խմբավորմանը ոչնչացնել Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը, հաղորդում է AFP գործակալությունը:

 

Մեկ օր առաջ Սիրիայի հնագույն արժեքների պահպանության ղեկավարը հայտարարել է, որ ԻՊ-ի գրոհայինները մտել են Պալմիրայի թանգարան և իրենց սև դրոշը բարձրացրել հնագույն միջնաբերդի վրա:

 

«Հնագիտական վայրերը ոչնչացումից և թալանից փրկելը ողջ մարդկության պայքարն է»,- ասված է Al-Azhar-ի հայտարարության մեջ: Կենտրոնը կոչ է արել միավորել բոլոր ուժերը Միջին Արևելքում ամենակարևոր հնագիտական վայրերից մեկը փրկելու համար:

 

Al-Azhar-ը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի, որպեսզի թույլ չտա ԻՊ-ին «ոչնչացնել քաղաքի մշակութային և հնագիտական արժեքները»:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները գրավել են Պալմիրան հինգշաբթի օրը, ինչն առաջացրել է միջազգային հանրության մտահոգությունը՝ 2000 տարվա վաղեմություն ունեցող ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի առնչությամբ: